Հարգելի՛ շահառուներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի ավարտական փաստաթղթերի ձևակերպումն ավարտվել է և Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է շենքերի ավարտական ակտը:
Բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրած (բանալիները ստացած) և կանխիկ պայմաններով բնակարան ձեռքբերած շահառուները, ովքեր վճարել են բնակարանի ամբողջ արժեքը (ներառյալ՝ վերջին մասնաբաժինը) յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10.00-13.00-ն ընկած ժամանակահատվածում պետք է ներկայանան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 404 սենյակ, ստանան ավարտական փաստաթղթերը և դրանք ներկայացնեն կադաստրի սպասարկման գրասենյակ՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի վերջնական գրանցում կատարելու համար:
Բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրած (բանալիները ստացած) ևհիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռքբերած շահառուները բնակարանի մակերեսի ավելացմամբ պայմանավորված հավելավճարը վճարելուց հետո (բնակարանի մակերեսը փոքրացած շահառուները ներկայանում են առանց վճարում կատարելու), վճարման անդորրագրով պետք է ներկայանան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 404 սենյակ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10.00-13.00-ն ընկած ժամանակահատվածում, ստանան ավարտական փաստաթղթերը և դրանք ներկայացնեն Արարատբանկին՝ հիփոթեքային վարկի վերջին մասնաբաժինը ձևակերպելու համար:
Միաժամանակ բնակարանն ընդունած բոլոր շահառուներին հորդորում ենք կատարել բնակարանի արժեքի վերջին մասնաբաժնի վճարումները, որպեսզի բակային տարածքների բարեկարգումն իրականացվի սահմանված ժամկետներում և չխաթարվի ծրագրի բարեհաջող ավարտը:
Ավարտական փաստաթղթերը գրանցած և բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վերջնական վկայականները ստացած շահառուները, բաժանորդ դառնալու և համապատասխան պայմանագրեր կնքելու նպատակով 2016թ. հունիսի 13-ից կարող են դիմել կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, հետևյալ կարգով.
- Բնակարաններում գազամատակարարման խողովակների մոնտաժման և «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդ դառնալու համար, սեփականության իրավունքի գրանցման վերջնական վկայականով, անձնագրով և սոցիալական քարտով անհրաժեշտ է ներկայանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ (ք. Երևան, Չարենցի փողոց 141) և տեղում լրացնել համապատասխան դիմում:
- «Երևան Ջուր» ընկերության բաժանորդ դառնալու նպատակով անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցման վերջնական վկայականով, անձնագրով և սոցիալական քարտով ներկայանալ «Երևան Ջուր» ընկերության հաճախորդների սպասարկման գրասենյակ (ք. Երևան, Ազատության պողոտա 24, ԱրմենՏելի հարևանությամբ) և տեղում լրացնել համապատասխան դիմում: Տեղեկացնում ենք, որ բնակարանի ջրաչափական սարքը մոնտաժված է, որի վրա ամրացված է նաև տվյալ սարքի ստուգաչափման ակտը, ինչը կապարակնքման ժամանակ անհրաժեշտ է հանձնել ջրաչափը կապարակնքող տեսուչին:
- Էլեկտրամատակարարման բաժանորդային պայմանագիր կնքելու և բնակարանը էներգամատակարարման ցանցին միացնելու նպատակով անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցման վերջնական վկայականով, անձնագրով և սոցիալական քարտով ներկայանալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրինություն (ք. Երևան, Հ. Քոչարի 13Ա) և կնքել էներգամատակարարման պայմանագիր:
- Ընդհանուր օգտագործման և բակային տարածքների լուսավորության, ինչպես նաև վերելակների միացման և շահագործման նպատակով ահնրաժեշտ է շուտափույթ հիմնադրել համատիրություն, որը պետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրինության հետ կնքի ընդհանուր օգտագործման տարածքների էներգամատակարարման պայմանագիր:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2016թ. հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում բակային տարածքների ասֆալտապատմամբ և սիզամարգերի ձևավորման աշխատանքների կատարմամբ պայմանավորված շահառուների մուտքը շենքեր դադարեցվելու է:
Ի դեպ, բազմաբնակարան շենքերի մի խումբ բնակիչներ նախաձեռնել են համատիրության հիմնադրումը և իրականացնում են սեփականատերերի ստորագրահավաք: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված համատիրության խումբ կամ դիմել Հարություն Մովսիսյանին (093 34 00 98, 055 34 00 98, movsisyanh@mail.ru):