«Զեյթուն 3» ծրագրով երիտասարդ մասնագետներին ցածր գնով կհատկացվեն 210 բնակարաններ

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում ապրիլի 7-ին տեղի ունեցավ Երեւան քաղաքի Ազատության 26/9 հասցեում կառուցվելիք բազմաբնակարան շենքերի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը ծանոթացավ «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք շենքային համալիրի շինարարական նախագծերին եւ ծրագրի մանրամասներին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային այդ համալիրում նախատեսվում է կառուցել 210 բնակարան, որը շուկայականից ցածր գներով հատկացվելու է երիտասարդ մասնագետներին: Համալիրը բաղկացած է լինելու 3 մասնաշենքերից եւ ունենալու է 15 հարկ: Առաջին հարկում լինելու են հասարակական նշանակության տարածքներ։ Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, անցկացվելու է արտաքին լուսավորություն։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիարդ 7 միլիոն դրամ։

««Զեյթուն 3» ծրագրի համար ստացվել էին սպասվածից ավելի դիմումներ՝ շուրջ 1200, եւ մենք ստիպված որոշակի սկզբունքներ սահմանեցինք: «Զեյթուն 3»-ում հատկացումները կատարվելու են բացառապես գիտակրթական ոլորտի աշխատակիցներին, մասնավորապես բուհական ոլորտի դասախոսներին, գիտաշխատողներին, ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողների ընտանիքներին»,- նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր չկարողացան «Զեյթուն 3»-ի մաս կազմել, կդառնան Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում կառուցվելիք «Վերածնունդ» երիտասարդական ավանի մասնիկ: Փոխնախարարի հավաստմամբ՝ այդ ծրագիրը Սերժ Սարգսյանի նախանշած 2040 թվականի Հայաստանի դեմոգրաֆիական անվտանգությանն ուղղված համալիր միջոցառումների բաղադրիչներից է:
Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ծրագիր. Արսեն Քարամյանը հենց այս բնորոշումը տվեց «Վերածնունդ» երիտասարդական ավանին:

Գոհար Մելքոնյանը ծրագրի շահառուներից է, հիմնարկեքին եկել էր ամուսնու հետ. «Դիմել ենք երկու սենյականոց բնակարանի համար, մեծ սպասելիքներ ունենք, տեսնենք, թե ինչպես կստացվի: Տարածքային առումով հարմար է, ամուսնուս ընտանիքը մեզ մոտ է ապրում, մենք առանձին տուն չենք ունեցել, եւ սա շատ լավ առիթ կլինի մեզ համար»: