Մեկնարկեց Ավան 5 համալիրի բնակարանների հանձնման գործընթացը

Այսօր «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի մի խումբ շահառուներ ստացան իրենց բնակարանների բանալիները:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության աշխատակիցները նրանց դիմավորեցին ծաղկեփնջերով: Սեփականատերերի համար առաջին բնակարանամուտն իսկական տոնի էր վերածվել:

Բնակարանի բանալին ստանալու համար առաջիններից մեկը շտապում է երիտասարդ ծրագրավորող Հասմիկը, ով առաջին անգամ էր մուտք գործում արդեն իր կյանքի նպատակ դարձած բնակարան: Հասմիկին ուղեկցում էին իր որդին եւ ամուսինը: Բացվում է բնակարանի դուռը, եւ նրանք արտահայտվելու խոսքեր չեն գտնում. «Պարզապես հիացած ենք, այսօր իրականացավ մեր ամենասպասված երազանքներից մեկը՝ բնակարան ունենալու մեր երազանքը: Շատ ուրախ ենք, խոսքեր չենք գտնում արտահայտվելու: Ցանկանում ենք, որ բոլորն էլ ուրախանալու նմանօրինակ առիթներ ունենան: Մենք շուրջ 3 տարի անհամբեր սպասել ենք այս օրվան»:

Շատերի համար բնակարանների բանալիների հանձնման արարողությունն անսպասելի էր, իսկ ոմանք պատրաստված էին եկել՝ քաղցրեղենով եւ շամպայնով: Հնչում է առաջին բաժակաճառը. «Ուրախ վայելենք»:

Շահառուները փաստեցին, որ շինարարական աշխատանքները կատարվել են որակով և շնորհակալական խոսքեր հնչեցրեցին «ԵՊՀ շրջանավարտների միավում» ՀԿ-ին հասցեին՝ նմանօրինակ ծրագիր իրականացնելու համար:

Նշենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը մեկնարկել է 2015 թ.-ի դեկտեմբերից: Բնակարանային համալիրը կառուցվել է Ծարավ աղբյուրի 55/26 հասցեում եւ ունի 136 բնակարան:

Ծրագիրը Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ, «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման» հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացնում է «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի շրջանակում կառուցվել է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով (վերանորոգված բնակարանների 1 քմ-ի արժեքը՝ 290000 ՀՀ դրամ, իսկ չվերանորոգվածներինը՝ 1 քմ-ի արժեքը՝ 270000 ՀՀ դրամ) տրամադրվել են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:

Այսօր՝ հունիսի 23-ին, բնակարանների հանձնման առաջին փուլն էր կազմակերպվել: Բնակարանների հանձնման-ընդունման գործընթացն ամբողջությամբ կավարտվի մեկ ամսվա ընթացքում:

Ի դեպ, շենքերի հարեւանությամբ կառուցվում է սպորտային համալիր, քոլեջ-նախակրթարան, դպրոց եւ քաղաքային նշանակության պուրակ: