«Վերածնունդ» երիտասարդական ավանի հաստատված նախագիծը

Հարգելի՛ շահառուներ,
վերջին երկու ամիսների ընթացքում «Վերածնունդ» երիտասարդական ավանի նախագիծը, պայմանավորված քաղաքաշինական խորհրդի երկու նիստերում հնչած դիտարկումներով եւ առաջարկություններով, ենթարկվել է արմատական փոփոխությունների ու նորացման։

Քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունից հետո (19 կողմ, 1 դեմ), սահմանված ընթացակարգով, քաղաքապետի կողմից հաստատվել է ճարտարապետաշինարարական առաջադրանքը։ Դրանով պայմամավորված բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն մի փոքր ավելի ուշ՝ հանքաերկրաբանական աշխատանքները ավարտելուն պես, որը, ի դեպ, արդեն սկսվել է։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մինչև հոկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում կհրապարակենք նաև վարկավորման պայմանները, սպասարկող բանկի (կամ բանկերի) անուն(ներ)ը, որին ամիջապես կհաջորդի բնակֆոնդի բաշխման վիճակահանությունը։

Նպատակահարմար ենք համարում ստացված նոր նախագծի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տրամադրելու. համալիրի համար գնված 6,7 հա տարածքից կառուցապատվելու է առավելագույնը տարածքի 34-36%, էապես կարևորել ենք կանաչապատ գոտիների հնարավոր առավելագույնի ստացումը, համալիրում լավագույնս օգտագործվելու է արևային էներգիայի հնարավորությունները՝ շենքերի հետագա խիստ մատչելի սպասարկման հնարավորություն ապահովելու նպատակով։

Նախորդ համալիրների փորձը հաշվի առնելով, ավելացրել ենք մի կողմից ստորգետնյա ավտոկայանատեղիների քանակությունը (շուրջ 800), մյուս կողմից՝ հնարավոր առավել մեծ մակերեսներ ենք նախատեսել վերգետնյա կայանատեղիներ ունենալու համար։
Հարգելի՛ շահառուներ, մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում մեկնարկող աննախադեպ ծավալներ ունեցող սոցիալական բնակարանաշինական ծրագրին և խնդրում ենք Ձեզ տուրք չտալ սոցիալական ցանցերում չհիմնավորված լուրերին և ասեկոսներին, սրանով պայմանավորված նաև անհարկի չմատնվել խուճապի, հորդորում ենք հետևել բացառապես մեր հաղորդագրություններին։

Մենք միասին, փոխադարձ վստահության մթնոլորտում, 3 տարի անց, Երևանի գողտրիկ անկյուններից մեկում, ունենալու ենք օրինակելի, կանաչապատ, տեխնոլոգիական լուծումներով հագեցած թաղամաս։

Կից հրապարակում ենք նախագծի նոր տարբերակի մի քանի դրվագներ։

Շնորհակալություն փոխըմբռման համար։

Հարգանքով՝
ԵՊՀ շրջանավարտների միավորում