2018թ. նոյեմբերի 7-ին` ժամը 14:00-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/3 հասցեում տեղի ունեցավ «Նյութեքն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցված «ԻՆՍՊՈՐՏ» մարզաառողջարանային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը:
Մարզահամալիրն ունի ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, կահավորված է արդիական մարզագույքով և լավագույնս ծառայելու է մեր մայրաքաղաքի բնակիչների սպորտային առօրյայի կազմակերպման գործին:
Մարզահամալիրի թողունակությունը 1 ժամում կազմում է մինչև 150 մարդ:
Մարզահամալիրի գործարկմամբ ստեղծվել է շուրջ 50 մշտական աշխատատեղ:
Համալիրի կառուցապատման արժեքը կազմել է 1 միլիարդ 720 միլիոն ՀՀ դրամ:
Մարզահամալիրի կառուցապատված ընդհանուր մակերեսը կազմում է 6400 քմ: Կառուցապատումն իրականացվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից տրամադրված վարկային ռեսուրսների հաշվին:
«ԻնՍպորտ»-ի կարգախոսն է՝ «Երբ սպորտն ապրելակերպ է»:
«ԻնՍպորտ»-ի մասին
Մարզահամալիրում գործում է լողավազան՝ հագեցած գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով, ժամանակակից մարզասարքերով կահավորված ֆիթնեսի սրահ, յոգայի և սպորտային մարմնամարզության, խմբակային մարզումների սրահներ:
Համալիրը չորս հարկանի է: Զրոյական հարկում գործում է մարզադահլիճ՝ նախատեսված ուժային պարապմունքների համար: Հագեցած է MBH-ֆիթնես ապրանքանիշի «Թեխնոջիմ» շարքի լավագույն մարզասարքերով՝ տարբեր մկանային համակարգերի համար: Առաջիկայում կլինի նաև մարտարվեստների պարապմունքների սրահ: Զրոյական հարկում է տեղակայված նաև ֆիննական և համամ սաունաների համակարգը:
Առաջին հարկում հանդերձարաններն են և 25×16 մետր լողավազանը: Լողավազանը հագեցած է գերժամանակակից ֆիլտրման քառաստիճան համակարգով՝ օզոնային, ուլտրամանուշակագույն, PH և քլորային:
Այս հարկում կգործի նաև խանութ, որտեղ վաճառվելու է «ԻնՍպորտ» ապրանքանիշի սպորտային հագուստ և պարագաներ:
Երկրորդ հարկում կարդիո-պարապմունքների սրահն է և սպա կենտրոնը: Կարդիո-պարապմունքների սրահում տեղադրված են վազքուղիները, հեծանվային և դահուկային սարքավորումները: Այստեղ լինելու են մերսման և վերականգնողական, սպա և աղային վերականգնման սենյակները: Երկրորդ հարկում կգործի նաև սրճարան:
Երրորդ հարկում տեղակայված են լինելու յոգայի և մանկական պարապմունքների սենյակը, մանկական խաղասենյակը և խմբային պարապմունքների սրահը: ԻնՍպորտում կլինեն 10-ից ավելի խմբային պարապմունքներ՝ ուժային, կարդիո, ճկունության, նիհարեցնող և մանկական ուղղվածություններով:
Տանիքում տեղակայված է 150KW հզորությամբ էներգախնայող արևային ջրատաքացման համակարգ, որը ամբողջապես կապահովի լողասենյակների տաք ջրամատակարարումը: