Հարգելի շահառուներ,
2019թ. հունվարի 29-ին ԵՊՀ շրջանավարտների միավորման գրասենյակում «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուների խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Միավորման նախագահ Ա. Քարամյանի հետ:
Ամփոփելով քննարկման արդյունքները հայտնում ենք հետևյալը.
1. «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցվելիք բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը տեղի է ունենալու սահմանված ժամանակացույցով (ժամանակացույցը ներկայացվել է նախորդ հաղորդագրությամբ):
2. Հաշվի առնելով ծրագրի շահառուների պահանջարկն առավելագույնս բավարարելու անհրաժեշտությունը, որոշում է կայացվել կառուցվող 1-6-րդ մասնաշենքերի 1-ին հարկերում նախատեսված հասարակական նշանակության տարածքները վերափոխվել բնակարանների (0 նիշից բարձր է 1.30 մետր): Դրա արդյունքում բնակարանների թիվը կավելանա 44-ով և ըստ այդմ փոփոխություն կկատարվի նախորդ հաղորդագրության մեջ:
3. Երկսենյականոց բնակարանների վիճակահանությանը դատարկ վիճակատոմս դուրս բերած շահառուներին հնարավորություն կընձեռվի թափուր տեղեր առաջանալու դեպքում (հաշվի առնելով նախորդող ծրագրերի փորձը Միավորումը վստահ է, որ այդպիսիք լինելու են) առաջնահերթության կարգով ստանալ իրենց նախընտրած մակերեսով բնակարանը:
4. Երեք սենյականոց (ստուդիո տարբերակով) բնակարանների վիճակահանությանը դատարկ վիճակատոմս դուրս բերած շահառուներին հնարավորություն կընձեռվի թափուր տեղեր առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով ստանալ իրենց նախընտրած մակերեսով բնակարանը կամ մասնակցել 3 սենյականոց (առանձին խոհանոցով) բնակարանների վիճակահանությանը:
5. Բնակարանի կանխավճարի նվազագույն չափը կսահմանվի 10 տոկոս: Կանխավճարի չափի ավելացումը շահառուն կկատարի համաձայն բանկի կողմից կատարված վարկունակության գնահատման ցուցանիշների (ընդ որում գործելու են նաև լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման, կամ կանխավճարի որոշակի մասի ապահովագրության մեխանիզմները):
6. Կանխավճարի վճարման վերջնաժամկետ է սահմանվել 2019 թ. մարտի 15-ը: Նշված ժամկետում կանխավճարը չվճարած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է:
7. Միավորումը ընդառաջելով հանդիպմանը մասնակցող շահառուների առաջարկին, համապատասխան հարցումներով դիմելու է իրավասու մարմիններին և ստուգելու է ծրագրում ընդգրկված շահառուների կողմից հայտում լրացված՝ բնակարանային պայմանների վերաբերյալ տեղեկատվության համապատասխանությունը փաստացի վիճակին: Անհամապատասխանության ի հայտ գալու դեպքում շահառուն հրավիրվելու է լրացուցիչ բացատրություն տալու, որից հետո որոշում է կայացվելու նրա հետագա մասնակցությունը (ծրագրի ցանկացած փուլում) դադարեցնելու կամ թույլատրելու մասին:
Ամբողջովին կիսելով Միավորումից անկախ պատճառներով ծրագրի մեկնարկի ձգձգման շուրջ շահառուների մոտ ձևավորված առողջ անհանգստությունը, ընդգծում ենք, որ Միավորումը, անկախ ծագած բազմաբնույթ խոչընդոտներից ու դժվարություններից, հաստատակամ է ծրագիրը հասցնել տրամաբանական ավարտին՝ պատշաճ որակով և սահմանված ժամկետներում:
Միաժամանակ, ծրագրի որոշ շահառուների հորդորում ենք չհետապնդել նեղ անձնական շահեր և մասնավոր խնդիրներով պայմանավորված չփորձել խաթարել բնակարանաշինական ծրագրի էությունն ու բարձր վարկանիշը:
Առաջիկայում, Միավորումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի միջոցով (Live-երի, տեսանյութերի, հաղոդագրությունների և այլ գործիքների կիրառմամբ) ակտիվորեն լուսաբանելու է շինարարության ընթացքն ու ծրագրին վերաբերող միջոցառումները:
Բարի երթ մեզ բոլորիս դեպի բնակարանամուտ: