Կայացավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի արարողությունը

Այսօր Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կայացավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Կատարվեց հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ, համալիրի հիմքերում տեղադրվեց սերունդներին ուղղված ուղերձը:

«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը նշեց, որ շենքերը սեյսմակայուն են, բնապահպանների կողմից բարձրացված հոսող հողերի խնդիր չկա:

«Հոսող հողերի խնդիր մենք չունենք բնապահպանական տեսանկյունից բոլոր փաստաթղթերը տեղին են, մենք անցել ենք համապատասխան բնապահպանական, շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ փորձաքննություն օրենքի տառին համապատասխան և որևէ խնդիր այստեղ լինել չի կարող,-ասաց Արսեն Քարամյանը և հավելեց,-մարդիկ, ովքեր կարծում են այստեղ կա բնապահպանական խնդիր, ուղղակի զբաղվում են շահարկմամբ: Ես խորհուրդ կտայի՝ մեր բնապահպանները մտածեին համալիրի տարածքին հարող այգիների չորացման մասին, որովհետեւ կան ոռոգման խնդիրներ»,-ասաց նա:

Արսեն Քարամյանը փաստեց, որ բանկերի կողմից տրամադրվող տոկոսադրույքները վերջնական են, փոփոխություններ չեն լինի. «Տոկոսները վերջնական են և որևէ փոփոխման ենթակա չեն: Նախկինում սահմանված տոկոսադրույքների բարձրացումը պայմանավորված էր Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող վերաֆինանսավորման բացակայությամբ»:

Շենքերը կշահագործվեն 2021 թ.-ի հոկտեմբերին, իսկ թաղամասի կառուցապատումն ամբողջությամբ կավարտվի 2022 թ.-ի մայիսին:

Ըստ Արսեն Քարամյանի՝ ժամկետները մեծամասամբ ճշգրտորեն պահպանվում են, շատ քիչ դեպքերում կարող են լինել փոփոխությունններ՝ կապված եղանակային պայմանների և այլ տեխնիկական գործոնների հետ:

Համալիրում նախատեսված է ունենալ ավտոկայանատեղիներ՝ նախատեսված ավելի քան 800 մեքենայի համար: Լինելու են հասարակական նշանակության տարածքներ՝ խանութներ, գրասենյակային տարածքներ, ցուցասրահներ, ինչպես նաեւ մանկապարտեզ, մարզաառողջարանային համալիր, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, ճեմուղիներ, զրուցարաններ:

Առաջին անգամ Երեւանում կառուցվող թաղամասն ունենալու է կոյուղաջրերի մաքրման անհատական կայան, որտեղ համապատասխան ֆիլտրումից հետո կոյուղաջրերն օգտագործվելու են տարածքի ոռոգման նպատակով:

Ծրագրի թիրախային խմբում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետները, երիտասարդ մանկավարժները, լրագրողները, բժիշկները, դասախոսները, գիտնականներն ու ստեղծագործողները, պետական եւ համայնքային ծառայողները, մարզիկները: