Ծանուցում «Ավան 5» և «Ավան 6» համալիրների շահառուներին

Հարգելի շահառուներ,

ԵՊՀ շրջանավարտների միավորումը «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցել է «Ավան 5» և «Ավան 6» բազմաբնակարան համալիրները:

Դեռևս 2018 թ. հուլիսին «Ավան 5» բազմաբնակարան համալիրը հանձնվել է շահագործման և շենքի սեփականատերերին տրամադրվել են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ: Սակայն մեկ տարուց ավելի է, ինչ մեր և սեփականատերերի բազմաթիվ գրավոր ու բանավոր դիմումներին «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ չի արձագանքում, և մինչ օրս մտացածին պատճառաբանությամբ բնակիչների հետ ջրամատակարարման ու ջրահեռացման պայմանագրեր չեն կնքվում: Դրա պատճառով շենքի թվով 136 բնակարանների ծախսած ջրի գումարը (ամսական 220 000 ՀՀ դրամի չափով) ավելի քան մեկ տարի է վճարվում է մեր կազմակերպության կողմից:

Ներկայումս նույն իրավիճակն է նաև «Ավան 6» բազմաբնակարան համալիրի պարագայում: Արդեն 4 ամիս է այս համալիրի բնակարանների ծախսած ջրի գումարը նույնպես վճարվում է Միավորման կողմից, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունն այս դեպքում ևս միջոցներ չի ձեռնարկում շենքի բնակիչների հետ ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրեր կնքելու ուղղությամբ:

Ծանուցում ենք, որ 2019 թ. նոյեմբերի 1-ից մեր կազմակերպությունը հրաժարվել է վճարել «Ավան 5» և «Ավան 6» բազմաբնակարան համալիրների բնակարանների ծախսած ջրի գումարը, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Այդ մասին պաշտոնապես ծանուցել ենք նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանը:

Հետևաբար այսուհետ նշված շենքերում ջրամատակարարման դադարեցման կամ այլ խնդիրների ծագման ամբողջ պատասխանատվությունը կրում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը: