
Տեղեկացնում ենք, որ «Renaissance Premium Home» համալիրում ուղղակի վճարման եղանակով անշարժ գույք ձեռքբերած գնորդների մասով ԵՊՀ շրջանավարտների միավորմանը վճավելիք ժամկետանց դրամական պարտավորությունները 2025 թ. հուլիսի 10-ի դրությամբ կազմում են ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամ:
Կառուցվող համալիրի ներքին և արտաքին հարդարման նյութերի գնման պայմանագրերով (արտաքին ապակեպատման, ներքին հարդարման նյութերի, վերելակների և այլն) սահմանված կանխավճարները չկատարելու դեպքում խաթարվելու է մատակարարումների ցիկլը, սահմանափակվելու է համալիրների կառուցման աշխատանքները պատշաճ կարգով շարունակելու հնարավորությունը և հետաձգվելու են կառուցապատման ավարտի ժամկետները:
Խնդիրն ավելի է սրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1 հոդվածի՝ 2025 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտած իրավակարգավորման պատճառով, համաձայն որի՝ ներկայումս կառուցապատողն իրավունք ունի օգտագործել հատուկ հաշվում առկա միջոցների 50 տոկոսը, ինչն իրական դժվարություններ է առաջացնում բոլոր կառուցապատողների համար:
Այդ պատճառով, «Renaissance Premium Home» համալիրի կառուցապատման պատշաճ ընթացքը չվտանգելու նպատակով, մեր կազմակերպությունը ստիպված է սահմանել պարտքերի հավաքագրման հստակ ժամանակացույց և դրա խախտման դեպքում պայմանագրի միակողմանի լուծման մեխանիզմ:
Ըստ այդմ 10.07.2025 թ. դրությամբ առկա պարտքի փուլային վճարման համար սահմանվում է հետևյալ ժամանակացույցը.
- 40 տոկոսը ենթակա է վճարման մինչև 2025 թ. հուլիսի 30-ը,
- 30 տոկոսը ենթակա է վճարման մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը,
- 30 տոկոսը ենթակա է վճարման մինչև 2025 թ. դեկտեմբերի 20-ը:
Նշված ժամկետներում պայմանագրով սահմանված այլ մասնաբաժինների վճարումները կատարվելու են պայմանագրում նշված ժամկետներում, անկախ սույն ժամանակացույցով սահմանված պարտքի գումարների վճարումից:
Առաջիկա շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր շահառու անհատապես ծանուցվելու է այս պահի դրությամբ ունեցած պարտքի ընդհանուր չափի և մինչև հուլիսի 31-ը վճարվելիք չափի վերաբերյալ, ինչպես նաև հրավիրվելու է մեր գրասենյակ՝ նշված ժամկետներում վճարումներ կատարելու մասին համաձայնագիր (PDF ձևաչափով) կնքելու համար:
Համաձայնագրի կնքումից խուսափելու կամ վերոհիշյալ ժամկետներում գումարը չվճարեու դեպքում կնքված պայմանագրի 3.2.3. կետի համաձայն մեր կողմից միակողմանի լուծվելու է գնորդի հետ կնքված պայմանագիրը:
Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկի միջոցով անշարժ գույք գնած գնորդներին, ապա նրանք մինչև 2025 թ. հուլիսի 30-ը նույնպես պետք է ներկայանան բանկ՝ համապատասխան մասնաբաժնի փոխանցման փաստաթղթերը ստորագրելու և գումարը ԵՊՀ շրջանավարտների միավորման հաշվին փոխանցվելու համար:
Նշված ժամկետում բանկ չներկայանալու դեպքում, մեր կողմից միակողմանի լուծվելու են այդ գնորդների հետ կնքված պայմանագրերը, իսկ բանկի կողմից հետ է կանչվելու արտոնյալ պայմաններով տրամադրված հիփոթեքային վարկը: