Ավան 3

Ավան 3

Մեկնարկում է «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին, եւ սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը:

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկում է «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեին հարակից տարածքում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և միջազգային մրցաշարերում հաղթնակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած սպորտսմեններին:

Բնակելի համալիրն ունենալու է երկու, երեք և չորսսենյականոց բնակարաններ` 1 քմ-ը` 185000 ՀՀ դրամ արժողությամբ: Բնակարանները շահառուներին հանձնվելու են ամբողջությամբ վերանորոգված վիճակում և միանգամայն պիտանի բնակության համար:

Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2012թ. հունվարին և նախատեսվում է ավարտել 2014թ. մարտին:

Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա, բազալտի և տուֆի արտաքին երեսպատմամբ (համաձայն նախագծի): Այն ունենալու է 5 մասնաշենք, յուրաքանչյուրում 13 բնակելի հարկ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր: Յուրաքանչյուր մասնաշենքում լինելու է երկու վերելակ:

Բնակելի համալիրն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, իսկ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ:

Կառուցվող բնակարանների նկարագիրը հետևյալն է.

  • Բնակարան(ներ)ի հատակը` մանրահատակ (փայտի տեսակը` հաճար) կամ լամինատե (ըստ շահառուի ընտրության),
  • Սանհանգույցը սալիկապատված է,
  • Բնակարան(ներ)ի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
  • Բնակարան(ներ)ի կոսմետիկ հարդարումը կատարվում է տիպային 5 բնակարաններին համապատասխան,
  • Մուտքի դուռը` երկաթյա, ներբնակարանային դռների փայտի տեսակը` ՄԴՖ,
  • Պատուհանները` մետաղապլաստ (շագանակագույն),
  • Էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
  • Էլեկտրական հանգույցները` տեղադրված,
  • Ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
  • Շենքը` գազիֆիկացված:

Ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման համար մեր կազմակերպության կողմից առաջարկվում են հետևյալ երեք տարբերակները.

1. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով նախընտրելու դեպքում սահմանվելու է հետևյալ պայմանները` 20% կանխավճար, 10-15 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 11% տոկոսադրույք, անուիտետային մարման գրաֆիկ, ձեռքբերվող և/կամ այլ անշարժ գույքի գրավադրում.

2. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

Բնակարանի արժեքի կանխիկ վճարման տարբերակը նախընտրելու դեպքում շահառուի հետ կնքվող բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն` սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.

— նախնական վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 15 օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
— առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 8 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
— երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 16 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 25 տոկոսի չափով,
— վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելու մասին ծանուցում ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 15 տոկոսի չափով:

3. ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ.

Շահառուն կարող է նաև բնակարանի արժեքը վճարել համաձայն հաստատված ժամանակացույցի` պայմանագրով սահմանված շինարարության ամբողջ տևողության ընթացքում ըստ ամիսների հավասարաչափ բաշխված գումար վճարելու ձևով:

Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 35 տարեկան, ամուսնացած, առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, բնակարանի կարիքավոր (Երևան քաղաքում բնակարան չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն ունեցող) երիտասարդ լրագրողները, մանկավարժները և բժիշկները, ինչպես նաև միջազգային մրցաշարերում հաղթնակած և Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած սպորտսմենները:

Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • բնակարանային կարիքավորության մասին դիմում-բացատրագիր` հասցեագրված»ՙԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահին, որում անպայման պետք է նշել բնակարանի մակերեսային նախընտրությունը և դիմումատուի կոնտակտային տվյալները,
  • դիմումատուի մասնակցության վերաբերյալ երաշխավորագիր` լիազորված պետական մարմնի կողմից,
  • դիմումատուի անձնագրի պատճենը,
  • դիպլոմի պատճենը,
  • ամուսնության վկայականի պատճենը,
  • տեղեկանք աշխատավայրից` դիմումատուի զբաղեցրած պաշտոնի և աշխատանքային ստաժի վերաբերյալ,
  • տեղեկանք ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից (ք. Երևան, Կոմիտասի պող. 35/2) Հայաստանի Հանրապետության տարածքում դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ,
  • տեղեկանք բնակության վայրից դիմումատուի ընտանիքի կազմի վերաբերյալ:

Ծրագրի շահառուների ընտրությունը, ինչպես նաև հրապարակային վիճակահանության միջոցով բնակարանների բաշխումն իրականացվում է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից: Յուրաքանչյուր ընտանիքից ծրագրին կարող է մասնակցել միայն մեկ շահառու:

Միավորման կողմից չեն քննարկվելու ծրագրի պահանջներին չհամապատասխանող թեկնածուների ներկայացրած փաստաթղթային փաթեթները:

Միաժամանակ հայտնում ենք, որ «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում ներկայացված դիմումների դիտարկման առաջին փուլի արդյունքում ձևավորված շահառուների անվանացանկը կհրապարակվի մեր կայքում մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը:

Կառուցվող շենքերի տեղադիրքին և բնակարանների նախնական հատակագծերին կարող եք ծանոթանալ ստորև:

Իսկ «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՍՊՈՐՏՍՄԵՆՆԵՐԻՆ» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում ներկայացված դիմումների դիտարկման 1-ին փուլի արդյունքում ձեւավորված շահառուների անվանացանկը կարող եք տեսնել կայքի «Նախագծի նորություններ» բաժնում: