«Վերածնունդ» երիտասարդական ավան

«Վերածնունդ» երիտասարդական ավան

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկում է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հերթական փուլը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյանի փողոցին հարակից 6.57 հա մակերեսով հողամասում (Դալմայի այգիներում) կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով ՙՎերածնունդ՚ երիտասարդական ավանը:

Երիտասարդական ավանում, ընդհանուր առմամբ կկառուցվեն մոտ 1170 բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղեր, հասարակական նշանակության տարածքներ (խանութներ, կենցաղ-սպասարկման օբյեկտներ): Ավանն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, ամբողջությամբ բարեկարգված տարածք, ստեղծվելու են նոր կոմունիկացիոն համակարգեր, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտ և կանաչապատ հանգստի գոտիներ:

Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվելու են «Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագրի շահառուների նախնական հերթացուցակում ընդգրկված շահառուները: Այս պահին նոր հայտեր չեն ընդունվելու և միայն նշված շահառուներին բնակարաններ հատկացնելուց հետո, թափուր տեղեր առաջանալու դեպքում կհայտարարվի շահառուների լրացուցիչ հերթացուցակում ընդգրկված անձանց մասնակցության և նոր հայտեր ընդունելու կարգն ու ժամկետները:

Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2018 թ. մայիսին և նախատեսվում է ավարտել 2020 թ. սեպտեմբերիին:

Ամբողջությամբ վերանորոգված բնակարանի 1 քմ. արժեքը սահմանվել է 296000 ՀՀ դրամ, իսկ չվերանորոգված բնակարանի 1 քմ արժեքը՝ 276000 ՀՀ դրամ:

Բնակարանները շահառուներին հանձնվելու են ներքին հարդարման երկու տարբերակով.

Չվերանորոգված՝ որի նկարագիրը հետևյալն է`
— բնակարանի հատակը` ցեմենտավազե սվաղ, պատերը՝ գաջապատված,
— սանհանգույցը՝ ցեմենտավազե սվաղ,
— բնակարանի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
— մուտքի դուռը` երկաթյա,
— պատուհանները` մետաղապլաստ (ոսկեգույն կաղնի),
— էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
— ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
— շենքը` գազիֆիկացված:

Ամբողջությամբ վերանորոգված՝ որի նկարագիրը հետևյալն է`
— բնակարանի հատակը` լամինատե,
— սանհանգույցը սալիկապատված է,
— բնակարանի ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
— բնակարանի կոսմետիկ հարդարումը կատարվում է Վաճառողի կողմից առաջարկվող տարբերակներից՝ Գնորդի ընտրությամբ,
— մուտքի դուռը` երկաթյա, միջսենյակային դռների տեսակը` ՄԴՖ (ըստ շահառուի ընտրության),
— պատուհանները` մետաղապլաստ (ոսկեգույն կաղնի),
— էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
— էլեկտրական հանգույցները` տեղադրված,
— ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
— շենքը` գազիֆիկացված:

Ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման համար առաջարկվում են հետևյալ տարբերակները.

Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով.
Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով նախընտրելու դեպքում սահմանվում է հետևյալ նախնական պայմանները` 20% կանխավճար, մինչև 20 տարի մարման ժամկետ, տարեկան  մինչև 8.5% տոկոսադրույք, անուիտետային մարման գրաֆիկ, ձեռքբերվող և/կամ այլ անշարժ գույքի գրավադրում:

Շահառուները, սահմանված կարգով կօգտվեն եկամտային հարկի միջոցով վարկի սպասարկման համար վճարվող տոկոսները վերադարձնելու՝ օրենքով սահմանված արտոնությունից:

Բնակարանի արժեքի վճարումը ուղղակի վճարման պայմաններով.

Բնակարանի արժեքի ուղղակի վճարման տարբերակը նախընտրելու դեպքում սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.
— նախնական վճարում` բնակարանի ամրագրումից հետո 15 օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
— առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 40 տոկոսի չափով,
— երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 12 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով,
— վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելու մասին ծանուցում ստանալուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 10 տոկոսի չափով:

Բնակարանների հրապարակային վիճակահանության օրվա և վայրի մասին շահառուներն անհատապես կծանուցվեն: