Երեւանի պետական համալսարանը մայիսի 16-ին նշում է իր 85-րդ տարեդարձը:
Դեռեւս 1919 թվականի մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը քննարկում եւ Երեւանում համալսարան հիմնելու մասին որոշում է ընդունում: Հիմնադրվում է Երեւանի համալսարանը: «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն Մայր բուհի 85-ամյա տարեդարձն ավելի մասայական ու հանդիսավոր դարձնելու նպատակով նախաձեռնել էր մի շարք միջոցառումներ: ԵՊՀ 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանի մամուլի ասուլիսով, որից հետո ռեկտորը կհանդիպի նաեւ Երեւան քաղաքի մի շարք տասներորդցիների` ապագա համալսարանականների հետ, եւ նրանց հետ կշրջի Մայր բուհի տարբեր ստորաբաժանումներում, ԵՊՀ պատմության թանգարանում:
Տոնական միջոցառումների շրջանակներում իրենց գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները կցուցադրեն նաեւ Մշակույթի հայկական ֆոնդի համալսարանական անդամները: Իսկ մայիսի 24-ին Ա. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Մայր բուհի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների գալահամերգը եւ «ԵՊՀ լավագույն ուսանող-2004» ամենամյա մրցանակաբաշխությունը, որոնք կազդարարեն ԵՊՀ 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ավարտը: