Զեյթուն 1

Զեյթուն 1

Մեկնարկել է «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» սոցիալական բնակարանային ապահովության ծրագիրը:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկում է «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» սոցիալական բնակարանային ապահովության ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ազատության պողոտա 26 հասցեին հարակից տարածքում (սրտաբանական ինստիտուտի հարևանությամբ) կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին և Հայաստանի Հանրապետության ստեղծագործական միությունների անդամներին:

Բնակելի համալիրն ունենալու է մեկ, երկու, երեք և չորս սենյականոց մոտ 210 բնակարաններ` 1քմ-ը` 184.000 ՀՀ դրամ արժողությամբ:

Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2010թ. սեպտեմբերի 30-ին և նախատեսվում է ավարտել մինչև 2013թ. նոյեմբերի 30-ը:

Բազմաբնակարան շենքը մոնոլիտ-երկաթբետոնյա է, բազալտի և ֆելզիտի արտաքին երեսապատմամբ: Այն ունենալու է 15 բնակելի հարկ: Բազմաբնակարան շենքն ունենալու է մեկսենյականոց մինչև 45քմ. մակերեսով, երկսենյականոց` 50-65քմ. մակերեսով, երեք սենյականոց` 75-90քմ. մակերեսով և չորս սենյականոց` 100-120քմ. մակերեսով (բաց խոհանոցներով) բնակարաններ:

Շենքն ունենալու է վեց շքամուտք, յուրաքանչյուրում` երեք վերելակ` մեկ բեռնատար և երկու մարդատար և ստորգետնյա ավտոկայանատեղեր, նախատեսված` 150 ավտոմեքենայի համար:

Շենքի բակում կառուցվելու է կանաչապատ հանգստի գոտի և մանկական խաղահրապարակ:

Շենքի առաջին հարկում տեղակայված են լինելու հասարակական սպասարկման տարածքները (խանութներ, ցուցասրահներ և այլն):

ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է` 

  • կառուցվող բնակարանների հատակը մանրահատակ է,
  • սանհանգույցը սալիկապատված է,
  • բնակարանների ներքին բաժանումներն իրականացվում են բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
  • բնակարանների կոսմետիկ հարդարումը կատարվում է շինարարական կազմակերպության կողմից ներկայացված տարբերակներից` շահառուի ընտրությամբ:
  • պատերի գույնի ընտրությունը կատարվում է շինարարական կազմակերպության կողմից ներկայացված տարբերակներից` շահառուի կողմից,
  • մուտքի դուռը` երկաթյա, ներբնակարանային դռների և մանրահատակի փայտի տեսակը` հաճար,
  • պատուհանները` մետաղապլաստ,
  • էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
  • էլեկտրական հանգույցները` տեղադրված,
  • ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
  • շենքը` գազիֆիկացված:

ՁԵՌՔԲԵՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Բնակարանի արժեքի վճարումը հիփոթեքային վարկավորման միջոցով հետևյալն է.
20% կանխավճար, 20 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 10% տոկոսադրույք, անուիտետային մարման գրաֆիկ, ձեռքբերվող անշարժ գույքի գրավադրում:

ԱՐԺԵՔԻ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄԸ

Բնակարանի արժեքի կանխիկ վճարման տարբերակը նախընտրելու դեպքում, շահառուի հետ կնքվող բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն` սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.

  • նախնական վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 15 օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
  • առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 8 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
  • երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 16 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 25 տոկոսի չափով,
  • վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 15 տոկոսի չափով:

ԱՐԺԵՔԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ.

Շահառուն կարող է նաև բնակարանի արժեքը վճարել համաձայն հաստատված ժամանակացույցի` պայմանագրով սահմանված շինարարության ամբողջ տևողության ընթացքում ըստ ամիսների հավասարաչափ բաշխված գումար վճարելու ձևով.

Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտաշխատողները (մինչև 35 տարեկան) և Հայաստանի Հանրապետության ստեղծագործական միությունների բնակարանի կարիքավորություն ունեցող անդամները:

Միևնույն ժամանակ, ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ ստեղծագործական միությունների անդամ չհանդիսացող անհատ ստեղծագործողները, ովքեր ակտիվորեն ներգրավված են Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության կամ մշակութային կյանքում և վերջիններս կերաշխավորվեն ստեղծագործական միությունների կողմից:

Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • բնակարանային կարիքավորության մասին դիմում-բացատրագիր` հասցեագրված «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահին, որում անպայման պետք է նշել բնակարանի մակերեսային նախընտրությունը և հեռախոսահամարը,
  • մասնակցության հայտ,
  • դիմողի անձնագրի պատճենը,
  • տեղեկանք Հայաստանի Հանրապետության որևէ ստեղծագործական միության անդամ լինելու վերաբերյալ (սույն պահանջը գործում է ՀՀ ստեղծագործական միությունների անդամների համար),
  • տեղեկանք աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի վերաբերյալ (սույն պահանջը գործում է երիտասարդ գիտաշխատողների համար),
  • գիտական կոչման վկայականի պատճենը, կամ տեղեկանք ասպիրանտ կամ հայցորդ հանդիսանալու վերաբերյալ (սույն պահանջը գործում է երիտասարդ գիտաշխատողների համար),
  • տեղեկանք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից (ք. Երևան, Կոմիտասի պող. 35/2) Հայաստանի Հանրապետության տարածքում դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ:

Բնակարանների բաշխումն իրականացվելու է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող հրապարակային վիճակահանության միջոցով:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրերին առնչվող բոլոր հարցերով կարող եք դիմել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Արմեն Թադևոսյանին (հեռ. (010) 55-19-91):

Ընդառաջելով բազմաթիվ գիտնականների և ստեղծագործողների խնդրանքին` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ծրագրի հնարավոր շահառուների հերթացուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2010թ. սեպտեմբերի 5-ը:

Դիմում-հայտը կարող եք ներբեռնել կայքի «Նախագծի նորություններ» բաժնից: